ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին սոցիալիստները, ի՞նչ է լինելու հետո

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին սոցիալիստները, ի՞նչ է լինելու հետո
30.04.2019 | 10:50

Կիրակի օրն Իսպանիան խորհրդարան էր ընտրում։ Հաղթեց իշխող Սոցիալիստական կուսակցությունը, բայց չստացավ բացարձակ մեծամասնություն: Կառավարություն ձևավորելու համար սոցիալիստներին պետք է այլ կուսակցությունների աջակցությունը։ Ընտրությունների գլխավոր սենսացիան դարձավ ուլտրաաջ Vox կուսակցությունը, որ առաջին անգամ մտնում է խորհրդարան՝ 10% ձայներ ստանալով։


Քվեաթերթիկների 99,4%-ի հաշվարկով՝ սոցիալիստները ստացել են 28,7% ձայներ։ Աջկենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը իր պատմության վատագույն արդյունքը գրանցեց՝ 16,7%: Շատերը կարծում են, որ նրանց ձայները տարան ուլտրաաջերը: Ինչպես Եվրոպայի այլ երկրներում՝ Իսպանիայում ևս կտրուկ աճել է արմատական աջ պոպուլիստական քաղաքական ուժերի հանրաճանաչությունը։ Vox կուսակցությունը դեմ է բազմամշակութայնությանը, ֆեմինիզմին, անսահմանափակ միգրացիային։ Վերջին տվյալներով՝ նրանք ստանում են 10,3% տոկոս, այսինքն՝ խորհրդարանի 350 մանդատներից 24-ը։ Սոցիալիստների վարչապետ Պեդրո Սանչեսը ընտրություններում ներկայանում էր իբրև ծայրահեղ աջերի գլխավոր այլընտրանք։ Սոցիալիստները կարող են ստանալ 123 մանդատ, կոալիցիայի նրանց նախկին գործընկեր Podemos-ը՝ 42։ Ոչ մի կուսակցոթյուն չի հավաքել բացարձակ մեծամասնություն և չի ստանա 176 մանդատից ավելի: Վարչապետ Պեդրո Սանչեսը հարկադրված է կոալիցիա ձևավորել։


Իրավիճակն Իսպանիայում մնում է անկայուն Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո, որ Իսպանիայի կառավարությունը համարեց անօրինական։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հարկադրված էր արտահերթ ընտրություններ նշանակել, երբ Կատալոնիայի անկախությունը պահանջող պատգամավորները հրաժարվեցին հաստատել 2019-ի բյուջեի նախագիծը։ 2018-ի հունիսին վարչապետ դարձած Սանչեսը ընտրարշավում զգուշացնում էր, որ Իսպանիան կարող է կրկնել Ֆինլանդիայի ճակատագիրը, որտեղ 2 շաբաթ առաջ ուլտրաաջ կուսակցությունն անսպասելի երկրորդը դարձավ ընտրություններում։


Երկար ժամանակ համարվում էր, որ Իսպանիայում ուլտրաաջերը հեռանկար չունեն՝ չափազանց թարմ են 1975-ին վախճանված Ֆրանսիսկո Ֆրանկոյի վարչակարգի հիշողությունները։ Սակայն Vox կուսակցությունը դեկտեմբերին հակառակն ապացուցեց՝ անսպասելի 10 մանդատ ստանալով Անդալուզիայի խորհրդարանի ընտրություններում։ Փորձագետները գտնում են, որ ուլտրաաջերի հաջողությունն արձագանքն է Կատալոնիայի անկախություն հայտարարելու փորձին։ Փետրվարին մի քանի տասնյակ հազար մարդ Մադրիդում բողոքի ցույցի դուրս եկավ ընդդեմ կառավարության ծրագրի՝ միջնորդ նշանակել անջատողականների հետ բանակցությունների համար։ «Vox-ի վարկանիշի աճը իսպանական քաղաքականության մեջ երկրաշարժ է»՝ ասում է Բոնի Ֆիլդը՝ Բենտլիի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորը։ Նա կոչ է անում չգերագնահատել ուլտաաջերի հաջողությունը։ Vox-ի ծրագրում Կատալոնիայի ինքնիշխանության բեկանումն է, միգրանտների արտաքսումը, դիմակայությունը արմատական ֆեմինիզմին, Ջիբրալթարի վերադարձի բանակցությունները և երկրի մասնատմանը կողմ կուսակցությունների արգելումը։ Ընտրարշավի առանցքային հարցերից էր Կատալոնիայի ճակատագիրը։ Տեղական ազգայնականները Բարսելոնայում վերադարձան իշխանության մայիսին՝ Մադրիդի յոթամսյա ուղիղ կառավարումից հետո։ Պեդրո Սանչեսն առաջարկում էր բանակցություններ անջատողականների հետ և ստացավ հայրենիքի դավաճանության ու «Իսպանիայի թշնամիների» հետ կապեր ունենալու մեղադրանքներ։ Կատալոնիայի նկատմամբ Vox-ից բացի կոշտ դիրքորոշում ունեն աջ Ժողովրդական կուսակցությունը և լիբերալ «Քաղաքացիներ» կուսակցությունը: Նրանք առաջարկում են վերադառնալ ուղղակի կառավարմանը։ Podemos-ը ցանկանում է ևս մեկ հանրաքվե անցկացնել։


Չնայած տնտեսության բարդ իրավիճակին ու գործազրկությանը, այս խնդիրները ընտրարշավում գործնականում չքննարկվեցին։ «Այս ընտրությունները տնտեսությանը չէին վերաբերվում: Սա նոր իրավիճակ է, որ չի եղել վերջին 20 տարիներին: Այս ընտրարշավը կապված էր նույնականության հարցի հետ, հատկապես Կատալոնիայի խնդրի։ Թվում է՝ տնտեսությունը դադարել է արմատական խնդիր լինել»՝ բացատրում է Վալենսիայի քաղաքագիտության համալսարանի պրոֆեսոր Խուան Ռոդրիգես Տարուելը:
Վերլուծաբանների գնահատականով՝ ընտրության արդյունքները երկար ժամանակով Իսպանիան ընկղմելու են քաղաքական անորոշության մեջ՝ մինչև ձևավորվի կոալիցիա։ Կա մեծ ռիսկ, որ Իսպանիան արտահերթ ևս մեկ ընտրություն կունենա:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ Իսպանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները «ոչ» ասացին Կատալոնիայի անկախությանը և վերահաստատեցին Իսպանիայի միասնականության նույնականության պահանջարկը, բայց ի՞նչ կկատարվի Կատալոնիայում հիմա։ Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը փորձում է Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածությունն առաջադրել, բայց Իսպանիայի ԿԸՀ-ն բացառել է կատալոնցի 3 քաղաքական գործիչների, այդ թվում՝ ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների ցուցակներից: «Պուչդեմոնը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել եվրոպական ընտրություններում»,-Մադրիդում մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Թեոդորո Գարսիա Էգեան: Նրա խոսքով՝ գանգատը ԿԸՀ է ուղարկել Ժողովրդական կուսակցությունը: Բացի Պուչդեմոնից, Lliures per Europa կոալիցիայի ցուցակներից բացառված են Թոնի Կոմինը և Կլարա Պոնսանտին, որ արդարադատությունից թաքնվում են Իսպանիայի սահմաններից դուրս:


Կատալոնիայի անկախության շարժման ձերբակալված առաջնորդներից հինգը անցել են Իսպանիայի խորհրդարան, հաղորդում է DW-ն: Պատգամավոր է ընտրվել Կատալոնիայի ղեկավարի նախկին տեղակալ Օրիել Ժունկերասը, որ առաջադրվել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունից: Խորհրդարան են անցել Կատալոնիայի ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ռաուլ Ռոմևան, Ջորդի Թուրուլը, Ջորդի Սանչեսը և Ջոզեֆ Ռուլը, որ առաջադրվել են Կառլես Պուչդեմոնի «Միասին Կատալոնիայի համար» անջատողական բլոկից:


Պոպուլիստները, ճիշտ է առայժմ 10 տոկոսով, բայց մտան Իսպանիայի խորհրդարան։ Համաեվրոպական ընտրությունների կտրվածքով՝ Հին աշխարհը դեմ է բազմամշակութայնությանն ու միգրանտներին, բայց դեռ չգիտի՝ ինչպես ապահովել ծնելիության՝ մահացությունը գերազանցող մակարդակ ու տնտեսությունը պահելու համար աշխատողներ։ Սա մնում է ամենամեծ խնդիրը, որ հակասության մեջ է մտնում տնտեսության զարգացման անհրաժեշտության և ազգային մենթալիտետի ըմբռնումի հետ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ